AM
19 October 2024 - 07:18 AMT

Խոսնակ․ Ծառուկյանը ՌԴ–ում բարձրացրել է արցախահայության և գերիների հարցը՝ դա ոչ թե ԲՀԿ ղեկավարի այց էր, այլ անձնական

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է Մոսկվայում՝ հանդիպումներ ունեցել քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որտեղ բարձրացրել է արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշել է, որ տարբեր երկրներ, այդ թվում նաև ՌԴ կատարած այցերը, ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի։

Նա հավելել է, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։

«Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ։

Օրինակ հոկտեմբերի 20-ին այստեղ կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է «Բարեկամության պատմություն» խորագիրը»,–ասվում է գրառման մեջ։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 2022 թվականին Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։