ԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամ ձերբակալվել է։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Նշվում է, որ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ
«Հոկտեմբերի 18–ի գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը աղջիկ:
Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»,–ասվում է հայտարարության մեջ։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը ձերբակալվել էին նաև օգոստոսին, սակայն այնուհետև ազատ էին արձակվել։