AM
19 October 2024 - 11:37 AMT

Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները

Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին: 400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել։

Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր:

Հայ մասնագետներին օգնում են արտերկրի գործընկերները:

Գնդեվազ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին, ըստ Ստեփանոս Օրբելյանի, հիմնադրել է Սյունյաց Սմբատ իշխանի կինը՝ Սոփի (Սոփիա) իշխանուհին։ 1920-ական թվականների սկզբին, կիսելով այլ բազմաթիվ եկեղեցիների ճակատագիրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվում է գյուղական պահեստի։ Աղոթասրահը, ավագ խորանն ու արևմտյան մուտքի բարավորը պատվում են սվաղի շերտով՝ իրենց տակ թողնելով որմնանկարներն ու վիմական արձանագրությունը։

1950-ական թվականների կեսերին գյուղի բնակիչների հորդորով պահեստը հանվում է։ Եկեղեցին մասամբ սկսում է ծառայել իր հոգևոր նպատակներին՝ այստեղ կատարվում էր հանգուցյալների հոգեհանգիստը։Գյուղի բնակչության նախաձեռնությամբ և միջոցներով, որմնանկարները բացելու նպատակով քերվում է պատերի վրայի սվաղի շերտը (բացառությամբ ավագ խորանի), ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվում որմնանկարներին։