Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հաղորդագրություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Փաստաթղթում 13 կետ կա՝ այդ թվում միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախատելիության մասին:
Նշվում է, որ Հանդիպման ընթացքում նախարարները.
1․Վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։
2․Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։
3․Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
4․Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:
5․Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
6․Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։
7․Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։
8․Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները:
9․Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։
10․Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:
11․Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան:
12․Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։
13․ Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Վրաստանը չի մասնակցել հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը։