Արցախի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով տեղի չտալ ՀՀ-ից միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին։
Արցախի ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և տեղեկացրել, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 50 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել, հայտնում է Aysor.am-ը։
Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։
«Ադրբեջանը լկտիաբար ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել՝ ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով։ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից»,-ասել է նա։
Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։
«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է նամակում։
Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի խումբը լուծարելու համար, քանի որ «հակամարտությունը լուծված է»։ Հայկական կողմից հստակ արձագանք չի հնչել։






