Երևանի քաղաքապետարանը մինչև տարեվերջ մայրաքաղաքը սպասարկող ամբողջ տրանսպորտային համակարգի համար ձեռք կբերի GPS տեղորոշման սարքեր։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Ապրիլից շահագործվող 30 և նոր ձեռք բերված 171 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների, ինչպես նաև 200 «Higer» և փոքր դասի միկրոավտոբուսների համար նախատեսվում է մինչև տարվա վերջ մրցութային եղանակով ձեռք բերել GPS տեղորոշման սարքեր՝ ամբողջ շարժակազմը «Yandex» քարտեզում արտացոլելու նպատակով»,-ասել է Կիրակոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նաև ընդգծել է, որ այժմ փորձնական եղանակով իրականացվում են առցանց մոնիտորինգի և տեսահսկման համակարգերի ներդրման աշխատանքներ։ Դրանք թույլ կտան գործնականում վերահսկել բոլոր թերություններն ու բացթողումները։
«Ինքնաշխատ եղանակով տվյալներ կունենանք ուղևորահոսքի, սահմանված արագության գերազանցման դեպքերի, ուղեգծից շեղումների, կանգառից դուրս կանգառների վերաբերյալ։ Իսկ վթարների և միջադեպերի ժամանակ տեսագրության վերծանման միջոցով կունենաք ամբողջական տվյալներ»,- ասել է Կիրակոսյանը։
Նա նշել է, որ գրեթե բոլոր երկրներում քաղաքային տրանսպորտն աշխատում է վնասաբերությամբ, և գնված ամեն նոր շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ։
«Հունվարի 1-ից հունիսի 1-ը քաղաքային բյուջեից սուբսիդավորվել է 3 մլրդ 273 մլն 621 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից առ այսօր՝ 1 մլրդ 806 մլն դրամ»,- ասել է Կիրակոսյանը։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով՝ մինչև տարվա վերջ դեռևս 2.5 մլրդ դրամի կարիք էլ առաջանալու է։
Երևանքի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երևանցիներին հորդորել է իրենց օգնել պայքարել տրանսպորտային համակարգում առկա ստվերի դեմ։ Նա հորդորել է գոնե նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման 2 եղանակ օգտագործել` կա՛մ 100 դրամանոց մետաղադրամով, կա՛մ էլեկտրոնային տոմսով։
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման nախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024-ի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։