Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ, ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
«Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ասել է փոխվարչապետը, հայտնում է Factor.am-ը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քնարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի վավերցման հարցը։ Եթե հանձնաժողովը դրական եզրակացություն տա կանոնակարգին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ։
Նիստից առաջ Մհեր Գրիգորյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի կանոնակարգը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը զուգահեռ է ընթանում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀՀ ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Նա ընդգծել էր, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։
Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։