Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը:
Կողմ է քվեարկել հանձնաժողովի 5 անդամ, դեմ՝ 3–ը։
Հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգը 7 հոդված ունի։ Դրանում նշվում է, որ հնարավոր է՝ գործընթացը հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։