ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե հայ–ադրբեջանական սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը։
«Հաջորդ հատվածի վերաբերյալ անգամ քննարկումներ չեն եղել, որևէ սկզբունք չի ամրագրվել։ Մի սահմանում կա, որը ես համարում եմ ռեալ պայմանավորվածություն` դա պետք է որոշվի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի գալու, ասի` եկեք շարունակենք այս հատվածում»,– ասել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա հավելեց, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և ամենաբարդ հատվածից սկսելը նույնպես կոնսենսուսի արդյունք է եղել։
«Բերքաբերի մի հատվածի դելիմիտացիան ավարտված է, բայց լճից այն կողմ ու էլի լիքը հատվածներ կան, որ չենք ավարտել։ Ավարտել ենք ընդամենը 12.7 կիլոմետրը»,– հավելել է փոխվարչապետը։
Ապրիլին հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում): Մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976–ի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցավ Ադրբեջանին։ Կիրանցում փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին: Մայիսի 24–ին ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնեցին Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը: