Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հայտարարել է, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Նա այդ մասին ասել է «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ արտատարածքային որևէ միջանցքի գոյություն անընդունելի է, հայտնում է Factor.am-ը։
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ գործընացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները մանրամասն արտացոլված են ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը և ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Սա հենց այն դիրքորոշումն է, որն արտացոլված է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում:
Կարևորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: Պետք է ընդգծեմ նաև, որ ՀՀ–ն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է նաև, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Թույլ տվեք նաև հիշտակել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»,–ասել է ՀՀ դեսպանը:
Նա կարևոր է համարել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին պաշտոնապես աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում նաև Իրանը, որը, հուսով ենք, գործնական ներգրավվածություն կունենա այդ նախագիծը կյանքի կոչելու գործում: Ամփոփելով, պետք է նշեմ, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենագործուն և փոխշահավետ մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումն է»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀՀ ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Նա ընդգծել էր, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։
Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։