«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Ազգային ժողովում լսումների ժամանակ Տավուշում սահմանազատման վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հիմնավորումներին, հայտնել է, որ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և հետամուտ են լինելու, որ նա կանգնի դատարանի առջև։ Չալաբյանն այդ մասին գրել է ֆեյղբուքյան իր էջում։
«Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեղը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս կապակցությամբ ես պարոն Գրիգորյանին ցանկանում եմ մի քանի հարց ուղղել՝
ա) Արդյոք վերը նշված քարտեղը Ադրբեջանի և Հայաստանի կողմից մինչև Տավուշում իրականացրած տարածքների հանձնումը արդեն ընդունվե՞լ է որպես հետագա սահմանազատման հիմք, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով և ե՞րբ է վավերացվել համապատասխան երկրների խորհրդարանների կողմից։
բ) Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԺ ներկայացված Սահմանազատման կանոնակարգում դա ամրագրված չէ, եթե այդպես չէ, ապա ի՞նչ իրավական հիմքով է Ձեր գլխավորած հանձնաժողովը տարածքների հանձնում իրականացրել, մինչև դրա պատշաճ իրավական հիմք ստեղծելը։
գ) Եթե դա այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը խնդրո առարկա հատվածում իր սեփական զինված ուժերի հետքաշում չի իրականացրել Բերքաբեր բնակավայրին այդ իսկ քարտեզով պատկանող տարածքներից։
դ) Եթե դա այդպես չէ, ապա չեք համարո՞ւմ, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին՝ առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք։
Ընդամենը հավելեմ, որ վերջին հարցով մենք պրն Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել»,–ասվում է գրառման մեջ։
Ապրիլին հայտնի դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում): Մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976–ի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցավ Ադրբեջանին։ Կիրանցում փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին: Մայիսի 24–ին ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնեցին Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը: