AM
22 October 2024 - 06:38 AMT

Հարցաքննվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ

Հարցաքննվել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության պաշտոնատար անձինք, ինչպես նաև քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ կապալառու կազմակերպության հիմնադիր տնօրենը։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

«Պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հիմնված պուրակի չորացած «տույա» տեսակի ծառերը փոխարինվել են նորով կապալառու կազմակերպության կողմից՝ առանց հավելյալ վճարումների, քանի որ տվյալ տարածքում իրականացվող անավարտ աշխատանքների պատճառով պուրակը դեռևս չի հանձնվել պատվիրատուին»,- նշված է հարցման պատասխանում։

Ավելի վաղ Factor TV-ն պարզել էր, որ 900,000 դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում տնկված տույաները չորացել են։ Դրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, ընդհանուր արժեքը՝ 8 միլիոն 572 հազար դրամ։ Մոտ 20 օր առաջ էլ հայտնի դարձավ, որ չորացած տույաները փոխարինվել են նորերով։ Factor TV-ն նաև պարզել էր, որ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության կողմից տնկված նոր տույաների բարձրությունը չի համապատասխանում պայմանագրում նշված թվերին։