AM
22 October 2024 - 09:35 AMT

ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագայում կնքվելու է պետսահմանի մասին միջազգային պայմանագիր

ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը «Պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ» կանոնակարգի վավերացման քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագայում կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր։

«Այս կանոնակարգի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով, կամ ուժային, այլ լուծվեն այն հարթակում, որը հավանության արժանանալու պարագայում կստեղծվի»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Ըստ նրա՝ այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրները կողմերը լուծեն ռազմական ճանապարհով։

«Այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրները կողմերը լուծեն ռազմական ճանապարհով․ մենք առիթ չենք տվել, որ այդպիսի բան տեղի ունենա։ Մեր նախորդ հանդիպումները բավարար են գնահատական տալու համար, որ հանձնաժողովների հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ձևաչափն արդյունավետ ու աշխատող է: Եթե կա աշխատող ձևաչափ և այդ ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ: Մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդ»,- ասել է նա։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը: Հարցն այժմ քննարկվում է ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը։