ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե որտեղից է վերցրել այն թեզը, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվել Արցախի վրա, ասել է, որ փաստը մնում է փաստ` այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա։
Սիմոնյանը նախօրեին հարցազրույցում ասել էր, որ հարձակվել Ղարաբաղի վրա ու Հայաստանի տարածքները օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից, և Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3 –4 ՄԱԿ–ի բանաձև։
«Երբ դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը` որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում (անձանբ ձեր կուսակցությունը) ու հայտարարում էիք, որ դա Ադրբեջան է, բա դուք ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա»,– հավելել է Սիմոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը: Հարցն այժմ քննարկվում է ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը։