AM
22 October 2024 - 12:20 AMT

ՆԳՆ պաշտոնյա․ ՀՀ–ում $1 մլն-ը գերազանցող կրիպտոարժույթի խաբերության դեպք է եղել

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանում կիբերհանցագործությունների, այդ թվում` կրիպտոարժույթի հետ կապված հանցագործությունների աճ է գրանցվել։

«Եթե 2019-20 թթ. արձանագրվում էր կիբերհանցագործությունների 300 դեպք, ապա 2020, 2022, 2023 թվականներին այդ դեպքերի թիվը գերազանցում են 800-ը՝ վերջին տարիներին անցնելով 1000-ի սահմանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով խոշոր խարդախության դեպքերին՝ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մեկ հոգու մասով 1 մլն դոլարը գերազանցող կրիպտոարժույթի խաբերության դեպք է եղել, բայց այն ոչ թե ներդրումային խարդախություն է եղել, այլ կրիպտոակտիվի գողություն, երբ հանցագործները կարողացել են օգտագործել ծրագրային թերություններ, հասանելիություն ստանալ անձի կրիպտոդրամապանակին և հափշտակել այնտեղ առկա ամբողջ գումարը։

«Կրիպտոարժույթների հետ կապված խարդախությունների դեպքերի աճ գրանցվեց մասնավորապես թելեգրամյան հարթակներում, որտեղ տարբեր գովազդներ էին տեղադրում և քաղաքացիներին հաղորդագրություն ուղարկում, որ, օրինակ, ԱՄԷ-ում առկա են տարբեր կրիպտոընկերություններ, որտեղ կարելի է ներդրումներ կատարել և գերշահույթներ ստանալ, սակայն դրանք նույնպես հանցագործենրի ստեղծածն էր և մեր շատ քաղաքացիներ դարձել են դրա զոհ»,-ասել է բանախոսը։

Հայկ Մկրտչյանը բացատրել է, որ արհեստական բանականությամբ անգամ հայտնի մարդկանց շրթունքների շարժումն են համապատասխանեցնում հանցագործենրի գրած տեքստին և այդ տեսանյութերի միջոցով ստեղծված կայքերին հորդորում են ներդում կատարել և քաղաքացիներին դարձնում են հանցագործության զոհ։

Նա տեղեկացրել է, որ 2022–ին ֆինանսական հափշտակությունների մասով արձանագրվել է 1158 դեպք, իսկ 2023 թվականին 1198 դեպք՝ հավելելով, որ տուժած շատ քաղաքացիներ էլ չեն դիմում իրավապահ մարմիններին։

«Վերջին երկու տարիներին առավել մեծ տոկոս են կազմում ֆինանսական տարբեր շուկաներում ներդրումային խարդախությունները»,-ասել է Մկրչյանը՝ բացատրելով, որ նման դեպքերում տարբեր գովազդներով քաղաքացիներին հորդորում են ներդրումներ կատարել՝ խոստանալով մեծ դրամական շահույթներ և քաղաքացիները հավատում են դրանց, ներդնում են գումարները, սակայն դառնում են հանցագործությունների զոհ, այդ թվում նաև կրիպտոարժույթների բնագավառում։

Մկրտչյանի խոսքով՝ եղել է նաև 100,000 դոլարը գերազանցող կեղծ ներդրման դեպք։

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը զգուշացրել է, որ շատ են խարդախության դեպքերը, երբ համացանցում առաջարկում են ոչինչ չանելով մեծ գումարներ աշխատել, կամ առաջարկ են ստանում ծանրոց ստանալու համար բանկային տվյալներ ներկայացնել և հորդորեց որևէ դեպքում բանկային քարտի կամ անձնագրի տվյալները չփոխանցել որևէ մեկին։