AM
23 October 2024 - 08:18 AMT

ՔՊ-ն կրկին չի կարողացել արդարադատության նախարարի թեկնածու ընտրել

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր։

Վարչությանը կրկին չի հաջողվել արդարադատության նախարարի թեկնածու ընտրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ըստ որի պարզ է դառնում, որ 4 թեկնածու է եղել՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Հոկտեմբերի 1–ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։

Հոկտեմբերի 10–ին ՔՊ վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Նրա՝ նախարար դառնալուն կողմ է քվեարկել ընդամենը երկու հոգի։