AM
23 October 2024 - 11:38 AMT

Սիմոնյան․ Վստահ եմ՝ երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա կետ, որով ադրբեջանական զորքերը պետք է ՀՀ տարածքից հետ քաշվեն, ասել է, որ պայմանագրի կետերը չի բացահայտելու։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից, գրում է «Փաստինֆոն»։

«Տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է՝ պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,– ասել է նա:

ԱԺ խոսնակը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք բացառում է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին:

«Մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեն անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Մենք չպետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։