«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը ինչ առաջարկներ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ասել է, որ հայկական կողմը կարևորում է ԱՄՆ-ի ակտիվ ջանքերը։
Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտնում է Արմենպրեսը։
«Ինքս պարոն Քարփենթերի հետ հանդիպմանը չեմ մասնակցել և տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը մշտապես հրապարակային է եղել և ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին։ Մենք շատ ուրախ ենք դրանում և կարևորում ենք Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերն ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասել է Կոնջորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ ասվում է, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն, և որ Քարփենթերը տեղեկացնելու է նրան «որոշ քայլերի մասին, որոնք ԱՄՆ վարչակազմը կուզեր ձեռնարկել»։