AM
23 October 2024 - 14:47 AMT

ԱԳ նախարար. ՀՀ–Թուրքիա կարգավորման գործընթացում կա շոշափելի առաջընթաց

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամամանկ ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով:

«Մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,–ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն սահմանը պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բաց լիներ, սակայն, ցավոք, այն դեռ իրականություն չէ: Նախարարը հավելել է, որ կաշխատեն այդ ուղղությամբ:

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։