AM
24 October 2024 - 12:11 AMT

Փաշինյան․ Բաքվին առաջարկել ենք պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար։

Նա նշել է, որ բոլոր պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշել, որ դրա իրագործման դեպքում Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել իր տարածքով բեռների անցման անվտանգությունը։

Նրա խոսքով` նախագծի էությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի և մալուխային ուղիների անցման կազմակերպմամբ:

«Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։ Եվ սա նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով»,– ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի եղել Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։