AM
24 October 2024 - 13:18 AMT

Ռուբինյան․ ՀՀ–Թուրքիա միջգերատեսչական հադիպմանը կգնահատվի Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը

ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ՀՀ ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները։

Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել, հայտնում է «Ազատությունը»։

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», – ասել է նա

Ռուբինյանը հավելել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 23–ին ԱԺ–ում այս պայմանավորվածությունը նկատի ուներ, երբ ասում էր, որ կողմերը վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ են իրականացնելու։

«Մենք ակնկալիքներ ունենք, որ մեր բոլոր ձեռք բերած պայմանավորվածությունները կիրագործվեն, և ընդհանուր առմամբ մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ ենք դա անել հենց վաղը», – ասել է նա։

Ավելի վաղ Ստամբուլում միջազգային միջոցառման շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ կողմերը չէին հաղորդել։ Isk Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: