AM
24 October 2024 - 14:37 AMT

Կաթողիկոսը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների միասնական ջանքերի ներդրումը հայ գերիների վերադարձի հարցում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամների հետ հանդիպմանը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների միասնական ջանքերի ներդրումը հայ գերիների վերադարձի հարցում։

Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսը և հանձնախմբի մյուս անդամները։

Կաթողիկոսը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկված արցախահայության առջև ծառացած դժվարություններին, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անաղարտ պահպանության ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատեց քրիստոնեական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց հաղթահարման և արդարության հաստատման գործում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Քույր եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։

Հանդիպմանը հանձնախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսվեցին Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Հյուրերն ընդգծեցին, որ այցի շրջանակներում առիթ ուենցան մոտիկից ծանոթանալու տեղահանված արցախահայերի դժվարին կացությանը՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը բերելով հայ ժողովրդին։

Ամենայն Հայոց կաթողիկոսն Գարեգին Երկրորդը Բաքվի COP29-ի շրջանակում կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Հավաքը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 5-7-ը։ Նախատեսվում է նրանց այցը Ղարաբաղ։