AM
25 October 2024 - 07:51 AMT

Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքական խնդիրները

Հոկտեմբերի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Դեսպանի խնդրանքով նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։

«Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության և ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպմանն X -ի իր էջում անդրադարձել է նաև դեսպանը։

Նա նշել է, որ քննարկել են ՀՀ–ում ստեղծված վիճակը։

«Պատիվ ունեցա հանդիպելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մտքեր փոխանակեցինք Հայաստանում ստեղծված վիճակի և մեր երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ»,- գրել է դեսպանը։