AM
25 October 2024 - 09:04 AMT

ՀՀ-ում հայ-վրացական դաշտային ուսումնավարժանք կանցկացվի՝ ՄԱԿ-ի չափորոշիչներով

2025–ին Հայաստանը և Վրաստանը համատեղ դաշտային ուսումնավարժանք կանցկացնեն ՀՀ-ում` ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակության Վրաստան պաշտոնական այցի ընթացքում:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համատեղ գործողությունների կազմակերպման հարցեր, հայտնում է ՆԳՆ–ն։

Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի հետ։ Քննարկվել են նաև համագործակցության երեք նոր ուղի, մասնավորապես՝ ռադիոկապի արդիականացման, Երևան քաղաքի համար փրկարարական տեխնիկայի ձեռք բերման և խոշոր աղետներին արձագանքելու նպատակով ծանր ինժեներական տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ։

Ջունջին հատուկ կարևորել է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը և առաջարկել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով նաև փորձագետների վերապատրաստման և փոխանակման ծրագրեր։ Նա, մասնավորապես, նշել է Ճապոնիայում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին՝ որպես արդյունավետ մեխանիզմ նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային փորձառություն փոխանակելու համար։