Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Նա ձերբակալվել էր 2024–ի մայիսի 25-ին, կալանավորվել 2 ամսով, որից հետո նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, իսկ հուլիսի 25-ին ազատվել է տնային կալանքից:
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և ևս մեկ անձ մեղադրվում էին այն բանում, որ 1,935,000 դրամ արժողության «Chevrolet lacetti-1.4» մակնիշի մարդատար ավտոմեքենան ապօրինի օտարվել է Գյուրջյանին, կազմվել է իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: