AM
25 October 2024 - 14:24 AMT

2024–ի 9 ամսում ՀՀ քաղաքացիության համար դիմել է ավելի քան 16,000 մարդ

2024 թվականի 9 ամսում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ավելի քան 16 հազար մարդ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«2018 թվականից աճել է Հայաստանի քաղաքացիության շնորհումների թիվը, իսկ այն իր պիկին հասել է 2022-ին։ 2018-ին 12 հազարից ավելի օտարարեկրացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, 2022-ին, պայմանավորված Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով, այդ թիվն աճել է՝ հասնելով 25 հազարի»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ 2023-ին քաղաքացիության շնորհումների համար դիմումների թիվը մի փոքր նվազել է՝ հասնելով ավելի քան 19 հազարի, 2024-ին պահպանվում է նախորդ տարվա տեմպը, այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում արդեն եղել է 16,060 դիմում։

ՀՀ քաղաքացիության դադարեցման դիմումներ, միջին հաշվով, լինում են տարեկան 3000 չափով։

«Դա նշանակում է , որ վերջին 3-4 տարիների ընթացքում տարեկան քննվում է 25-30,000 գործ, ինչն ահռելի ծանրաբեռնվածություն է, առկա թերի գործիքակազմը թույլ չի տալիս այ գործերը քննել արդյունավետ կերպով և հասցնել տրամաբանական ավարտին»,-ասել է ծառայության պետը։

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում՝ անցում կատարելով թվայնացման։

Ղազարյանի խոսքով, փոփոխությունները թույլ կտան կրճատել գործընթացի տևողությունը, մեծացնել աշխատանքի արդյունավետությունը։

«Բազմաթիվ երկրներում մարդիկ քաղաքացիություն ստանալու համար ստիպված են սպասել տարիներ։ Հայաստանի պարագայում դա ընդամենը մի քանի ամիս է և շատ դյուրացված կարգերով»,-նշել է Ղազարյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը Հայաստան կխստացվի։ Դա պայմանավորված է ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։ Գործադիրը որոշում է ընդունել։