ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, որն, ըստ կոմիտեի, անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։
«ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) կամ ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի N1864-Ն որոշման 1-ին կետով ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ»,–ասվում է պարզաբանման մեջ։
Նշվում է, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն ՀՀ կառավարության վերոնշյալ՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հիման վրա չի կարող համարվել հանցանք:«
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը և ևս մեկ անձ մեղադրվում էին այն բանում, որ 1,935,000 դրամ արժողության «Chevrolet lacetti-1.4» մակնիշի մարդատար ավտոմեքենան ապօրինի օտարվել է Գյուրջյանին, կազմվել է իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: