ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական 29-րդ նստաշրջանի`Բաքվում կայանալիք COP 29-ի մասնակիցներին։ ՔՀԿ-ները կոչ են անում COP29-ի մասնակիցներին և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերին կանխել Ադրբեջանի անմարդկային քաղաքականության լեգիտիմացումը և պահանջել Բաքվից, որ նա ազատ արձակի հայ գերիներին մինչև համաժողովի մեկնարկը։
Փաստաթուղթը ստորագրել է 53 ՀԿ։
Նշվում է, որ Ադրբեջանը մինչ օրս իր բանտերում է պահում դեռևս 2020–ից տարբեր ժամանակահատվածներում գերեվարված ազգությամբ հայ 23 անձի, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, որոնց օգտագործում է որպես մանրադրամ՝ տարբեր զիջումներ կորզելու Հայաստանից, ինչպիսին հենց COP29-ը Ադրբեջանում կազմակերպելու համաձայնությունն էր։
«COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ որոշումն ինքնին խնդրահարույց էր՝ հաշվի առնելով ոչ միայն նման միջոցառումը հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսությամբ երկրում անցկացնելու հանգամանքը, այլև տվյալ պետության կողմից այդ վառելիքից ստացված շահույթներով ռազմական ագրեսիայի ծավալումը և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Դրանք ներառում են Լեռնային Ղարաբաղում 2020թ աշնանը սանձազերծած ռազմական ագրեսիան՝ ուղեկցված ծանրագույն պատերազմական հանցագործություններով, 100,000-ից ավելի հայ բնակչության ավելի քան 9-ամսյա շրջափակումը և սովի մատնումը, բնակչության մշտական ահաբեկումը, 2023թ․ սեպտեմբերին ռազմական հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը և ամբողջական էթնիկ զտումը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումները և առանձին հատվածների գրավումը։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարելու իմիտացիային զուգահեռ շարունակում են մի քանի տասնամյակ շարունակվող հակահայ և հակահայաստանյան քարոզը պետական բարձր մակարդակով և հայկական մշակութային ժառանգության ու հայկական հետքի ոչնչացումն իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներում։
Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավելով ռազմավարական բարձունքներ՝ Ադրբեջանը ձեռք է բերել հսկողություն ճանապարհների և բնակավայրերի նկատմամբ, ուղղակիորեն սպառնալով քաղաքացիական բնակչության անվտանգությանը, ինչպես նաև հեշտացրել իր հասանելիությունը Հայաստանի բնական ռեսուրսներին, այդ թվում՝ հանքավայրերին, անտառներին ու ջրային աղբյուրներին։ Որոշ անտառներ («Շիկահող» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» արգելավայր) ու ջրավազաններ (Ջերմուկի ջրաբանական արգելավայր, Սև լճեր) գտնվում են Ադրբեջանի ռազմական ուժերի տիրապետության տակ և ամբողջությամբ անհասանելի են այդ տարածքների բնակչության համար։
Ամիսներ շարունակ Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելով որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման՝ վերջերս Ադրբեջանը հրաժարվեց արդեն իսկ համաձայնեցված հարցերի շուրջ պայմանագիր ստորագրելուց։ Միաժամանակ այն ակտիվացրեց Եվրամիության մոնիտորինգային քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս հանելու իր իր պահանջը, ինչն, ըստ էության, հաստատում է, որ տվյալ երկիրը խաղաղության հասնելու որևէ մտադրություն չունի, որ «խաղաղության COP» կոչվածը կեղծ էր, և որ COP29-ին կարող է հետևել նոր պատերազմ տարածաշրջանում»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ գերեվարված հայերը մեղադրվում կամ դատապարտվել են շինծու հանցագործությունների համար՝ արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումներով։ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին են վկայում UN Committee against Torture, Human Rights Watch զեկույցները, ուստի հրատապ է նրանց ազատումը և վերադարձը Հայաստան։
Նշվում է նաև, որ, ըստ իրավապաշտպանների կողմից փաստագրված տվյալների, 2020-2023թթ․ զինված ընդհարումների ընթացքում Ադրբեջանում գերեվարվել է ևս առնվազն 80 հայ, որոնց գտնվելու մասին ադրբեջանական իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում։ Մոտ 200 անձ էլ անհետ կորել է, սակայն հասանելիություն չի տրվում միջազգային կամ հայաստանյան որոնողական խմբերին՝ վերադարձնելու զոհվածների աճյուններն իրենց հարազատներին։
«Հորդորում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների, հումանիտար իրավունքի ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու էկոլոգիական հանցագործությունների համար և Ադրբեջանից պահանջել․
● անմիջապես, մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․
● ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը փակ հաստատություններ՝ գերեվարված այլ անձանց հայտնաբերելու համար և որոնողական աշխատանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ զոհված անձանց աճյունները հարազատներին վերադարձնելու նպատակով․
● ազատ արձակել Ադրբեջանի այլախոհ խղճի ու քաղաքական բանտարկյալներին։
Միաժամանակ, հրավիրում ենք Ձեր ուշադրությունը Ադրբեջանի՝ սեփական ապօրինություններն ու հանցագործությունները կոծկելու ու «կանաչով շղարշելու» գործողություններին և ակնկալում համապատասխան գնահատական։ Մասնավորապես՝
● Ադրբեջանի կողմից առաջադրված՝ հանածո վառելիք արտադրող երկրների և ընկերությունների կամավոր ներդրումներով «Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի (CFAF)» ստեղծման նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի փիլիսոփայությանը։
● Բաքվի կողմից COP29-ի օրակարգ մտցված՝ «կանաչ էներգետիկ գոտիներ և միջանցքներ» ստեղծելու պատրաստակամությունը կեղծ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում քիմիական զենք է կիրառել և ոչնչացրել 1,815 հա անտառ, իսկ ներկայում զանգվածաբար հատում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավված անտառները, ոչնչացնում էկոհամակարգը, ոչնչացված կանաչի հաշվին կառուցում տասնյակ կիլոմետրերի հասնող ճանապարհների ցանց և տեղադրում ականներ՝ սահմանափակելով հարակից բնակավայրերի բնակիչների տեղաշարժը և զրկելով նրանց ջրի հասանելիությունից։
● Ադրբեջանի կողմից առաջ քաշված COP-ի անցկացման ժամանակահատվածում «զինադադարի» գաղափարը՝ Օլիմպիական զինադադարի օրինակով ոչ այլ ինչ է, քան իր նախկին ու ներկա ագրեսիաները մոռացության տալու և պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև COP29-ից հետո իր ռազմական գործողություններն արդարացնելու փորձ։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն էր 2020թ-ին արհամարհել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչը՝ պայմանավորված COVID-ի համավարակով և հարձակում էր նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի վրա՝ խախտելով կոնֆլիկտը բացառապես խաղաղ եղանակով լուծելու սկզբունքը։
Կլիմայական մարտահրավերների լուծմանը խոչընդոտող գործոնները վերացնելու նպատակով կոչ ենք անում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին, համաժողովի բյուրոյին և COP29-ի մասնակիցներին՝
● ձեռնարկել քայլեր, որոնք կապահովեն կլիմայական արդարության և էներգետիկ աղքատության հաղթահարման սկզբունքների իրականացումը
● սահմանել կլիմայի ֆինանսավորման նոր գլոբալ թիրախ՝ աջակցելու զարգացող երկրների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ջանքերին
● ստեղծել պատասխանատվության մեխանիզմներ՝ կլիմայական և կանաչ հիմնադրամներից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության և հաշվետվողականության համար՝ խուսափելով մանիպուլյացիաներից
● կլիմայի գլոբալ քաղաքականությունը տանել կլիմայական վնասների և ձեռքբերումների իրական ցուցանիշների ձևավորման ուղիով
● զերծ մնալ գազի և նավթի արդյունահանման ու վաճառքի հիման վրա իրենց բյուջեները կառուցած, նավթագազային կորպորացիաներին սպասարկող կառավարություններին կլիմայական ռեսուրսներով և կանաչ ֆոնդերով խրախուսելուց
● դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս նավթագազային բիզնեսով զբաղվող միջազգային ընկերություններին ավելացնելու իրենց եկամուտներն արդյունահանման ծավալների ընդլայնման հաշվին՝ խախտելով կոնվենցիայով, Փարիզյան համաձայնագրով և միջազգային կարգավորող փաստաթղթերով նախատեսված հիմնարար սկզբունքներն ու պարտավորությունները
● աջակցել կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց խմբի (constituency) ստեղծմանը՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի լինի, իսկ կլիմայի քաղաքականությունը՝ ներառական և մատչելի
● Փարիզյան համաձայնագրի ներքո ստեղծված և գործող «Ոչ պետական սուբյեկտների գործողությունների հարթակում», որտեղ ներկայացված են տեղական համայնքային խմբերն ու տեղաբնիկ ժողովուրդները (indigenous people), ներգրավել ինչպե՛ս այն ժողովուրդներին, որոնք չունեն իրենց պետությունները, այնպե՛ս էլ՝ բռնի տեղահանված տեղաբնիկ ժողովուրդներին, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված հայությանըասվում է հայտարարության մեջ։
Կոչն ուղարկվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն, «Կլիմայի գործողությունների ցանց Արևելյան Եվրոպա, Կովկաս և Կենտրոնական Ասիա» ՀԿ-ների ցանցին, Cee Bankwatch ցանցին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային, Հայաստանում դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների։