AM
28 October 2024 - 14:08 AMT

ԳՇ պետ․ Սահմանազատման շրջանակում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում։

Նա հորդորել է Ջերմուկից ադրբեջանցիների դուրս գալու վերաբերյալ հարցն իրեն այլևս չտալ, հայտնում է Aysor.am-ը։

«Դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, հանրության դիմաց դրան ես չեմ պատասխանի»,- ասել է նա։

ԳՇ պետը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը օկուպացված տարածքները պետք է հետ բերի ոչ ռազմական ճանապարհով։

«Այո, միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի հետ, կա սահմանազատման գործընթաց, դրա շրջանակներոմ նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»,- ասել է նա՝ նշելով, թե վստահ է դրանում։

ԳՇ պետի խոսքով՝ սահմանների անվտանգության համար միայն Գլխավոր շտաբի պետը չէ պատասխանատու, պատասխանատու են բոլորը։

«Գլխավոր շտաբի պետը ռազմական հնարավորությունների սահմաններում կատարում է իր առջև դրված խնդիրը՝ մարտական գործողությունների ընթացքում Գլխավոր շտաբը կառավարում է մարտական գործողությունները»,- ասել է Ասրյանը։

Ասրյանը նաև ասել է, որ պատերազմի վտանգ չի տեսնում։

«Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել է նա։

Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի տեսնում, որ կարող է էսկալացիա լինել։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որՀայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով։