AM
28 October 2024 - 14:18 AMT

Ասրյան․ Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի աճ չկա

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց բանակում 2024–ին սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը 2022 և 2023 թվականների համեմատությամբ չեն աճել։

Նրա խոսքով` տեղի ունեցած յուրաքանչյուր դժբախտ դեպքով սկսած ջոկի հրամանատարից մինչև գլխավոր շտաբի պետ ունեն իրենց պատասխանատվության բաժինը, գրում է Sputnik Արմենիան։

«Ինչ վերաբերում է դեպքերի աճին, դեպքերի մասով քանակական համեմատություն կատարելը ճիշտ չէ, որովհետև ամեն զինծառայողի կյանքը մեզ համար թանկ է»,–ասել է Ասրյանը։

Նա ընդգծել է, որ հասարակությունից դեպի բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, և իրենց գործունեության հիմնական նպատակաղուղվածությունն այն պետք է լինի, որ այդ դրանք բանակում արմատախիլ անեն։

«Այդ բարքերը կարող են մշտապես ներթափանցել ԶՈւ և՛ այսօր` իմ պաշտոնավարման ընթացքում և՛ ինձնից հետո։ Երկրորդը` ես չեմ ասում, որ չկա բանակում թերացումներ սկսած ցածր օղակից մինչև վերջին օղակ, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հասցվի նվազագույնի։ Վատ բարքերը շարունակվում են, որովհետեւ մենք մեր անելիքներում ևս թերանում ենք։ Զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որը պետք է հանել իրենց մեջից։ Դա շատ դժվար պրոցես է»,–ասել է նա։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էլ իր հերթին նշել է, որ 2024–ին բանակում` խաղաղ պայմաններում գրանցվել է 33 մահվան դեպք, ինչը նախորդ տարի գրանցված դեպքերի գրեթե կեսն է: Դրանցից 5-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների, 2-ը` ավիավթարի, 5-ը` հիվանդության, 11-ը` ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով (որից 7-ը ծառայության հետ կապված չեն եղել):

2019-ին սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք է գրանցվել, 2018-ին բանակում ինքնասպանությունների թիվը 11 էր, 2017-ին՝ 10, 2016-ին՝ 9-ը: