AM
28 October 2024 - 14:21 AMT

Սիրանուշ Սահակյան․ Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավեցնել Ադրբեջանին

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, ներկայացնելով, թե ինչ ընթացող իրավական վեճեր կան և ինչպիսի հարթակներ են օգտագործվում, ասել է, որ 3 հարթակ է օգտագործվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի լուծման համար։

Նա նշել է, որ միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավեցնել Ադրբեջանին և որ մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա ներկայացմամբ, առաջինը ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանն է, մեկ հայց ներկայացրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, օրեր անց համանման հայց է ներկայացվել Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։

«Այստեղ մենք խնդիրների դուբլիկացիա ենք տեսնում, սակայն փաստական հանգամանքներն են բացակայում։ Ինչևէ, խնդիրը շատ նույնաբովանադակ է»,- նշել է Սահակյանը։

Նա հայտնել է, որ սրանից զատ միջպետական գանգատներով ծանրաբեռնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ընթանում են 7 միջպետական գործեր, դրան զուգահեռ հարյուրավոր անհատական գանգատներ են ներկայացված, որոնք առնչվում են խոշտանգումներին, կյանքի իրավունքի խախտումներին, կամայական ազատազրկումներին, սեփականության, ինքնության պաշտպանությանը և այլն։

«Մեր կազմակերպության կողմից ներկայացված է 400 անձին առնչվող գանգատ»,- ասել է Սահակյանը։

Կոնկերտացնելով հենց միջպետական գանգատները՝ նա նշեը, որ Հայաստանը ՄԻԵԴ ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրե։

«Այս ատյանն ունի ավելի սահմանափակ դեր, հիմնականում անդրադառնում է կոնվենցիոնալ իրավունքների խախատումներին և դրանց պաշտպանությանը»,- ասել է Սահակյանը։

Երրորդ ատյանն արբիտրաժային միջազգային դատարանն է։

«Այս դատարանում ունենք բացառապես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի, որոնք նախաձեռնվել են 2023 թվականին։ Դրանց հիմքում դրված են կոնվենցիաներ, մասնավորապես Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվենցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին։ Հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցմանը»,- ասել է Սահակյանը։

Ինչ վերաբերում է հայցերից հրաժարվելու և հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը կհրաժարվի ընդդեմ Ադրբեջանի հայցերից, նա նշել է. «Հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։ Հարցերի կարգավորման տարբեր եղանակներ կան։ Հիմնականը քաղաքականն է, թեև միջազգային իրավունքի արգելքներին, դեռևս կիրառություն ունի հարցերի լուծման ռազմական ճանապարհը, ինչին ականատես եղանք 2020 և 2023 թվականներին։ Բայց քաղաքակիրթ աշխարհն ընդունում և դեռևս կենսունակություն է տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։ Մենք պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակում, և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել երկրին առնչվող խնդիրերի լուծմանը նաև այս իրավական ճանապարհի գործադրմամբ։։

Նա հայցերից հրաժարվելու հավականություն տեսնում է, որը կարող է լինել ճնշումների ներքո։

«Կարծում եմ՝ այս պահին հարթակը, որտեղ մենք կարողացել ենք վնասել Ադբեջանի շահերը, հենց իրավական հարթակն է։ Այս փուլում ունենք միջանկյալ ակտեր, որոնք արձանագրում են խախտումներ, պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չի կատարում, բայց դրան հաջորդում են քաղաքական արձագանքները։ Պատկերավոր ասած՝ միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավеցնել Ադրբեջանին։ Քաղաքական հարթակներում արդարության տարրը բացակայում է, նպատակահարմարությունից ելնելով կարող են ցանկացած տիպի որոշումներ կայացնել։

Քանի որ Ադրբեջանն ավելի ճիշտ է դիրքավորված քաղաքական հարթակներում, վերջինս փորձում է հասնել հարցի քաղաքական լուծմանը՝ անտեսելով իրավական ուղենիշները։ Սա է պատճառը, որ նրանք ճնշում են հայկական կողմին հրաժարվել իրավական պահանջատիրությունից, ապավինել բացառապես քաղաքական ճանապարհով ձեռք բերած պայմանավորվածությունններին, որոնք չեն կարող թույլ պետությունների պարագայում արտացոլել վերջիններիս պետական և ազգային շահերը»,-ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։