AM
28 October 2024 - 14:34 AMT

Գյումրու քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են տվել

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ են ներկայացրել Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին:

Հոկտեմբերի 25–ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022 թվականին կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն 2023–ին ՔՊ–ն խզեց դաշինքի հետ հուշագիրը: