Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, 2025–ին այն կներկայացվի հաստատման։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշվել է, որ 2025 թվականի պետական բյուջեով առանձնացվել է առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար, գրում է Արմենպրեսը։
«Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել էինք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրել են, որ մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։
Ապրիլի 12–ին Մատենադարանում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը։ Քննարկմանը ներկա էր Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ:
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ: Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: