AM
29 October 2024 - 09:04 AMT

Նախարար․ ՀՀ–ում գլխավոր գիտաշխատողի բազային աշխատավարձը 2025–ից կլինի 552,000 դրամ

2025-ին կբարձրանան գիտության աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա ասել է, որ ՀՀ–ում գլխավոր գիտաշխատողի բազային աշխատավարձը 2025 թվականից կլինի 552,000 դրամ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ունենք մինչև 300 տոկոսի աճ։ Օրինակ` եթե գլխավոր գիտաշխատողը մինչև հիմա ստանում էր 138 հազար դրամ աշխատավարձ, ապա 2025 թ. հունվարի 1–ից կստանա 552 հազար դրամ։ Սա միայն բազային ֆինանսավորումն է. եթե գիտաշխատողը թեմատիկ, դրամաշնորհային ծրագրերում է, նա նաև այդ ծրագրերից է ստանում հավելավճարներ ու վարձատրություն»,– հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով` մարդիկ կան, որոնք մասնավոր հատվածից վերադարձել են գիտության ոլորտ։

«Սա ինձ ուրախացնում է, քանի որ մի բան է, երբ գիտության մասին խոսում ես թվերով, նկարագրական տեքստերով, մեկ այլ բան է, երբ տեսնում ես այդ մարդկանց, որոնք շահառու են այդ ծրագրերի և իրենք են պատմում այդ ծրագրերի` իրենց վրա ունեցած ազդեցության մասին»,– հայտարարել է Անդրեասյանը։

2025 թ. պետական բյուջեով կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4․5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2․7 տոկոսը։