ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, Հայաստանի իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում ինչ-որ փուլում դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխան տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն:
Նա նշել է, որ հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել։
«Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:
Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:
Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում։ Նույն պնդում է արել ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը։