AM
29 October 2024 - 11:21 AMT

Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև հայ գերիներին ազատելու պահանջով բողոքի ակցիա կկայանա

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ՝ նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա տեղի կունենա՝ համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջելու են ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարության մեջ։

Բողոքի ակցիան կմեկնարկի 14։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

«Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը: Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:

Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության: Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը»,–ասվում է հայտարարության մեջ։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։