ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու հարց բարձրացնելու մասին լուրերին, հայտարարել է, որ նման հարց ՔՊ-ի օրակարգում չկա:
«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի ընտրության հարցին, ապա Կոնջորյանը նշել է, որ հոկտեմբերի 29–ին վարչության նիստ է լինելու, եթե արդյունք լինի, ապա ՔՊ վարչությունից լիազորված իր գործընկերները կհայտնեն։ Հարցին, թե արդյոք կադրային բազա չկա, Կոնջորյանը պատասխանել է՝ կա, պարզապես՝ վարչության դրված ստանդարտների համատեքստում դեռ ընտրություն չի արվել, բացի այդ, կան գործընկերներ, որոնք այս պահին ներգրավված են այլ պաշտոններում։
«ՔՊ-ում թևեր չկան, կա Նիկոլ Փաշինյանի թև, մնացածը մամուլի մեկնաբանություն է»,- ասել է նա։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից հեռացնելու հարց է քննարկում։
Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, ասել է, որ այդպիսի տեղեկություն չունի՝ պետք է այդ լուրի աղբյուրը գտնել, հայտնում է Արմենպրեսը։
Factor.am-ին ՔՊ-ի աղբյուրները հայտնել էին, որ Քոչարյանը խնդիրներ ունի ՔՊ թիմի որոշ անդամների՝ Սիսակ Գաբրիելյանի, Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի և Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանի հետ։ Քոչարյանը նրանց մասին որոշակի հայտարարություններ է արել, որոնք հարուցել են նշյալ ՔՊ-ականների զայրույթը։