AM
29 October 2024 - 13:23 AMT

Անդրեասյան. 2025-ին Երևանում գտնվող բուհերում կապիտալ ծախսեր չեն նախատեսվում՝ կա Ակադեմքաղաքի ծրագիրը

2025-ին Երևանում գտնվող բուհերում կապիտալ ծախսեր չեն նախատեսվում: Այդ մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա՝ տրամաբանությունն այն է, որ քանի որ ունեն Ակադեմիական քաղաքի ծրագիրը, որտեղ ամբողջական մեծ ծրագիր պետք է ձևավորվի՝ չեն տեսնում մեծ նպատակահարմարություն էական նոր շինարարություն անել Երևան քաղաքում գտնվող ենթակառուցվածքներում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հետևաբար, պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցումը կամ այնպիսի շինարարությունը, որը հետագայում չի օգտագործվելու կամ դրա արդյունավետության խնդիր է բարձրացվելու»,–ասել է նա։

Նա այդպես է պատասխանել ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքի կառուցման հետ կապված նախարարությունը հրաման ունի, որով արգելվում են այլևս կապիտալ ծախսեր անել մնացած բուհական հաստատություններում։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Ակադեմիական քաղաքի որոշ ենթակառուցվածքների համար գումարներ սովորաբար նախատեսված են, բայց այլ բուհերի համար կապիտալ ծախսեր չեն նախատեսվում պետական բյուջեով։

Հովհաննիսյանը նաև ասել է, որ 2025-ին ԿԳՄՍՆ-ի բյուջեի նախագծով ծախսը նախատեսվում է սահմանել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը 125 մլրդ 855 մլն դրամ։ Ընդհանուր ծախսերը 2024-ի համեմատ ավելի կլինեն 4.7 տոկոսով։ Ընթացիկ ծախսերը, ըստ նրա, ավելանում են 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով։

«Իրականում կապիտալ ծասերի նվազում տեղի չի ունենա, որովհետև այն ծախսերը, որոնք նախատեսված էին 2024 թ-ին ամբողջությամբ չեն օգտագործվի»,–ասել է Հովհաննիսյանը։

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ: Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: