«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանին։
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը», ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։
ՔՊ վարչությունը դիտարկել է նաև նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի և արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հովհաննիսյանի թեկնածությունները, հայտնում է Factor.am-ը։
Ավելի վաղ ևս 4 թեկնածու է եղել՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հոկտեմբերի 1–ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։
Հոկտեմբերի 10–ին ՔՊ վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Նրա՝ նախարար դառնալուն կողմ է քվեարկել ընդամենը երկու հոգի։