Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղաության պայմանագրի շուրջ բանակցություններին, ասել է, որ Երևանը տեսնում է հնարավորություն՝ համաձայնեցնելու խաղաղության բանակցություններում չհամաձայնեցված կետերը։
Այն հարցին, թե հնարավորություն կա՞ ամբողջությամբ համաձայնեցնել չհամաձայնեցված կետերը՝ փաստաթուղթը ստորագրելու համար, նա դրական է պատասխանե, հայտնում է «Ազատությունը»։
«Մենք նման հնարավորություններ տեսնում ենք»,–ասել է նա։
Հարությունյանը մանրամասներ չի հայտնել Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումից, սակայն նշել է, որ բոլոր նման հանդիպումները դրական են գնահատում երկխոսության առումով։
«Վստահաբար միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են, և խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնա։ Կարծում եմ՝ նման շփումներն օգուտ տալիս են», – հավելել է նա։
Կազանում մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Որևէ առաջընթացի մասին կողմերը չէին հաղորդել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։