Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Այս պահին առկա տվյալներով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
ԱԳՆ-ն նաև ցավակցել է Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը՝ բոլոր նրանց, ովքեր կրել են այս տարերային աղետի հետևանքները», – ասվում է նախարարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարել։
Վերջին տվյալներով Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը մոտ 100 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։
Բազմաթիվ մարդիկ ժամեր շարունակ մեկուսացված են մնացել իրենց մեքենաներում, ճանապարհներին կամ տների վերին հարկերում, երկաթգծերը և ճանապարհները դարձել անանցանելի։ 100 000-ից ավելի մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և կապի միջոցների։