AM
31 October 2024 - 09:10 AMT

ԱԳ նախարար․ Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը №1 առաջնահերթությունը չէ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի այն հարցին, արդյոք Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՝ Միրզոյանն ասել է, որ դրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

«Երբ ասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկը, որը եղել է, թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագված չէ, ավարտված չէ։ Բոլորս ունենք մեր պատկերացումները։ Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով մի բան եմ հասկանում, կարող է՝ դուք այլ բան։ Մենք այս պահին զբաղվում ենք և մեր զբաղվելիքը հետևյալ վերնագիրն ունի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- ասել է Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։