Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բարի կամք ունեցող բոլոր մարդկանց՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության, փախստականների աջակցման և պատերազմի պատանդների ազատ արձակման։
Աղոթքը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին: Ընդհանրական աղոթքի արարողությունը կանցկացվի COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն արձագանքել է Ամենայն Հայոց կաթողիկոսի այս կոչին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը խնդրանքով դիմել է բոլորին՝ միանալու Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար աղոթքին։
«Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից անցկացվող նման համաշխարհային աղոթքը կխրախուսի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունն այս շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կնպաստեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»: ասել է կաթողիկոսը։
Նշվում է, որ COP29 գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է աջակցելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակմանը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքն անցկացնելու է հայ համայնքի հետ համագործակցությամբ:
COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։