AM
31 October 2024 - 11:46 AMT

Պապոյան․ Դասագրքերի մակարդակով ՀՀ–ում սխալ քաղաքականություն է վարվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, ասել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում` դպրոցական դասագրքերի մակարդակով։

Պապոյանի խոսքով` ՀՀ արտաքին քաղաքականության համար թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը, գրում է Sputnik Արմենիան։

«Դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները, ցավոք սրտի, տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ–որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ։ Դասագրքի մեջ ամենակարևոր բաները որո՞նք են, որ երեխաները պետք է սովորեն։ Իհարկե, պետության, բյուջեի, կառավարման համակարգի, տնտեսության, բիզնեսի մասին պատկերացումները»,– ասել է Պապոյանը։

Նա ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։

«Իմ կարծիքով` ամեն դեսպանի առաջ ամենակարևոր խնդիրը պետք է լինի, թե ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում։ Պետք է գիտակցենք, որ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ինվեստիցիա է գալիս, երբ տնտեսությունը զարգանում է։ Ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ»,–ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ երբ տնտեսության հարցը լուծվի, այն իր հետ կլուծի անվտանգության, մշակույթի, կրթության, առողջապահության, երկրի միջազգային դիրքի հետ կապված հարցերը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Նախարարը հավելել է, որ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։