AM
31 October 2024 - 12:15 AMT

Պապիկյան․ Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի կարևոր ուղղություններում՝ կհամալրվեն հետախուզության, ՀՕՊ զորամասերը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի կարևոր ուղղություններում։ Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելը կնպաստի որոշակի զորամասերում, սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղություններում միջին ու ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին:

Պապիկյանը հավելել է, որ խոսքը, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում համալրման մասին է, գրում է «Հայկական ժամանակը»։

«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈւ շարքերը»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ՊՆ կադրերի վարչությունը կկապվի պահեստազորի զինծառայողների հետ, զորամասերի ցանկը չի լինի հրապարակային, բայց կհաստատվի ԱԺ-ի կողմից հաստատվելուց ու ուժի մեջ մտնելուց հետո։

Հայաստանում աշխարհազորի համակարգը կվերակազմակերպվի տեղական պաշտպանության ուժերի ներդրմամբ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ։