Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին։
Սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը։
Աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ փոփոխություններ են կատարվում նաև հարակից օրենքներում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այսպիսով՝ տեղական պաշտպանության ուժերը կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից:
Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: