AM
31 October 2024 - 13:05 AMT

Ընդդիմադիրները գերիների վերադարձի հարցով ԱԺ հայտարարության նախագիծ կներկայացնեն

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայ գերիների վերադարձի հարցով ԱԺ հայտարարության նախագիծ կներկայացնեն և ԱԺ հրատապ նիստ կնախաձեռնեն։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշել է, որ արդեն իսկ իրականացվում է ստորագրահավաք, դիմումը հավանաբար հոկտեմբերի 31–ին մուտք կարվի, գրում է «Առավոտը»։

«Հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին՝ ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցի հետ։ Խոսքը թե 2020 թվականի ողբերգական պատերազմի ընթացքում, թե դրանից հետո և թե Արցախի հայաթափման ընթացքում գերեվարված ռազմաքաղաքական առաջնորդների մասին է։ Եվ յուրաքանչյուր հասցեատիրոջ համար այնտեղ նախատեսված են կոչեր։ Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»,- ասել է նա։

Մամիջանյանը շեշտել է, որ խոսքն ԱԺ հայտարարության նախագծի մասին է, այլ ոչ թե երկու խմբակցությունների հայտարարության։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն։

«Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- նշել է Մամիջանյանը։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։