AM
31 October 2024 - 14:24 AMT

Արցախից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեք ստանալու համար

Գործադիրի որոշմամբ կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Որոշման ընդունմամբ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար։

Որոշմամբ առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։

Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։