Ազգային ժողովը կողմ է քվեարկել այն օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն այն պահեստազորայինները, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով, կպահպանեն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը:
Խաչատրյանի տեղեկացմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է՝ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում միջին և ցածր օղակների զինվորական պաշտոններում համալրման գործընթացին:
Նախարարի խոսքով զորամասերի ցանկը հրապարակային չի լինի, սակայն ցանկություն ունեցող զինվորականների հետ կապ կհաստատեն նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները եւ կտեղեկացնեն:
Օրեսդրական փաթեթի վերաբերյալ դրական դիրքորոշումներ են հայտնել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին։ Սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը։ Աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ փոփոխություններ են կատարվում նաև հարակից օրենքներում: