AM
31 October 2024 - 14:36 AMT

Նախարար․ «Զվարթնոցում» երկրորդ թռիչքուղի կկառուցվի՝ պայմանավորվածություն կա

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Քննարկումների հերթական բլոկը վերաբերում էր եվրասիական ինտեգրմանը, այդ իսկ պատճառով անցկացվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, հայտնում է Sputnik Արմենիան։

Պապոյանի տեղեկացմամբ` էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում օդանավակայանի օպերատոր՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ (պատկանում է հայազգի արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին – խմբ.) պայմանագրի նոր տարբերակի շուրջ, որը կետ է ներառում երկրորդ թռիչքուղու կառուցման վերաբերյալ։ Բանակցությունները գրեթե ավարտված են, մնում է ճշտել մանրամասները և ստորագրել պայմանագիրը, ասել է նախարարը։

«Մեր զբոսաշրջային հնարավորությունները սահմանափակ են տեխնիկական գործոնների պատճառով, և մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», – հավելել է նա։

Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների նոր հոսք է սպասվում Արաբական Միացյալ Էմիրություններից, հատկապես, որ Արագածոտնի մարզում նոր լեռնադահուկային հանգստավայր է կառուցվում։ ԱՄԷ-ի բնակիչների համար սա կլինի ամենամոտ միջազգային լեռնադահուկային հանգստավայրը, և իշխանությունները նախատեսում են հնարավորինս շատ արաբ զբոսաշրջիկների ներգրավել, հավելել է Պապոյանը։